Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ող—ունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապար—ը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խե—ճ  ու  ան—գնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամար—անքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կ—կվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր և գրիր դրանց հոմանիշները:
    զմրուխտ-զմրուխտաքար
    ջերմ  – տաք
    երեխա- մանուկ
    հազիվ  – մի կերպ
    հզոր  – մեծ, ուժեղ
    տխրել – վշտանալ
    արտասվել – լացել
  2. Մոխրագույնով նշված բառերի համար իմաստով հակառակ բառեր գրիր։
    թույլ  – ուժեղ
    մեծանալ-փոքրանալ
    բարձրանալ-իջնել
    կամացուկ  -բարձրաձայն
    գոռալ  -լռել
    բացել-փակել  
    հագնել- հանել
  3. Շագանակագույնուվ նշված բառերը դուրս բեր և գրիր երկու արմատները, նաև նշիր, թե բառն ըստ կազմության ինչպիսին է, օրինակ` մարտադաշտ- մարտ-ա-դաշտ, բարդ բառ
    քաղցրահնչյուն – քաղցր-ա-հնչյուն, բարդ բառ
    այգեպան – այգի-պան, բարդ բառ
    բարձրահասակ – բարձր-ա-հասակ, բարդ բառ
    փոքրիկ – փոքր-իկ, ածանցավոր բառ
    ինքնամփոփ- ինքն-ամփոփ, բարդ բառ
    անպատկառ – ան-պատկառ, ածանցավոր բառ
    ոսկեհեր – ոսկի – հեր, բարդ բառ
    անսիրտ – ան – սիրտ, ածանցավոր բառ
    դեսուդեն – դես-ու-դեն, բարդ բառ
    հուսահատ – հուս-ա-հատ, բարդ բառ
    խղճահարություն – խիղճ-ա-հար-ություն, բարդ ածանցավոր
  4. Անծանոթ բառերը դուրս բեր և գրիր դրանց բացատրությունը:
    հանդերձ – հագուստ, արհամարհանք – քամահրանք, քմծիծաղ, սաղարթ – տերևներ, հեծկլտալ – լացել, անպատկառ – անամոթ, մերկանալ – տկլորանալ, ալեհեր – սպիտակ մազերով, աղերսել – խնդրել,
  5. Սևացրած բառերում գծիկների փոխարեն լրացրու պակասող տառերը։ Լրացնելուց հետո քեզ բառարանով ստուգիր։
    ողջունել, ճանապարհ, խեղճ, անօգնական, արհամարհանք, կծկվել,
  6. Ինչո՞ւ էր արտասվում եղևնին:
    Եղևնին ուզում էր, որ նրա մոտ էլ հասնեն արևի շողերը, բայց բարդին չէր թողնում, որ շողերը հասնեն նրան և եղևնին մեծանա։
  7. Ի՞նչ սովորեցիր այս պատմվածքից:
    Չի կարելի լինել մեծամիտ և նեղացնել փոքրիկներին։
  8. Մեկական բառով բնութագրիր, ապա նկարագրիր բարդուն և եղևնուն:
    Բարդի – մեծամիտ, եղևնին – բարի
    Բարդին մեծ, հզոր, բայց մեծամիտ ծառ է, իսկ եղևնին փոքրիկ է ու շատ բարի։
  9. Դուրս գրիր այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:
    Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց խղճահարությամբ և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:
  10. Դուրս գրիր այն հատվածները, որտեղ

Ա. Բնութագրվում է քամին
Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Բ. Նկարագրված է այգեպանը
Ծեր  այգեպանն իր այգում մի  փոքրիկ  եղևնի  տնկեց:

Գ. Նկարագրված է աշունը
Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Դ. Նկարագրված է ձմեռը
Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: