Առասպել արևի ու լուսնի մասին

Արևի և լուսնի մասին եղել են տարբեր պատկերացումներ, մի դեպքում արևը տղա է, լուսինը՝ աղջիկ, որոնք կամ թագավոր ու թագուհի են, կամ էլ սիրահար զույգ։ Առասպելներում մեծ մասամբ նրանք քույր ու եղբայր են․ արևը քույրն է, լուսինը՝ եղբայրը։

Մի անգամ մայրը արևին ու լուսնին ասում է.

— Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։

Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ Վերադարձին լուսնի կժից ջուրը հոսում, թափվում է, կուժը մնում է դատարկ։ Իսկ արևը կուժը լիք լցնում է ջրով, բերում, տալիս է մորը, ստանում նրա օրհնությունը։

Մեկ այլ առասպել պատմում է, որ արևն ու լուսինը քույր և եղբայր էին և Աստծո զավակները։ Նրանց հայրը հանձնարարել էր, որ աշխարհի պահպանումը ցերեկվա ժամին կատարի արևը, իսկ գիշերը՝ լուսինը։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Սակայն արևն ասում է, որը ինքը ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ և չի ուզում ցերեկը հսկել։ Իսկ հայրիկը առաջարկում է մի բուռ ասեղ վերցնել և ծակել նրան նայողի աչքերը։ Արևն այդպես էլ անում է։ Հենց այդ պատճառով է, որ արևին նայել չի լինի, այն աչքերը ծակում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *