Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրերի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջացնում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրերը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամբողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որտեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:
ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չորացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնության հավասարակցությունը:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
Ճահիճները Երկրի մակերևույթի վրա գերխոնավ տեղամասերն են, որտեղ կուտակված ջրերը հոսելու հնարավորություն չունեն, և որոնց մեջ սկսում են աճել խոնավասեր բույսեր ու կենդանիներ։ - Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում, երբ բարձրանում են գրունտային ջրերը, իսկ գոլորշացումը թույլ է լինում։ - Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
Ճահիճները չորացնելու համար փորում են հատուկ ջրանցնքներ, որպեսզի ջրի ավելցուկը դուրս հոսի։ Կա նաև մեկ այլ եղանակ․ այդ տարածքներում տնկում են շատ ջուր կլանող բույսեր, ծառեր ու թփեր։ - Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը օգտագործում են որպես վառելիք ու պարարտանյութ տարբեր մշակաբույսերի և ծաղիկների համար: Ճահիճներում այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ ու բակտերիաներ։